Քանի դեռ արդիականն ու ժամանակակիցը չեն քողարկել ամեն ինչ, հարկավոր է մատաղ սերնդի մեջ արթուն պահել ազգային ինքնագիտակցությունը: Աստվածավայելուչ հրաշափառ հարությունը փոխեց պատմության ընթացքն ու հեղաշրջեց մարդկային կյանքը: Լույսը հաղթեց խավարին: Սերը` ատելությանը: Ճշմարտությունը` կեղծիքին: Թող այսօրվա առատաբուխ շնորհները ձեզ հետ լինեն: Այս խոսքերով սկսվեց Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում-մրցույթը: Զատկական ուրախ տոնախմբություն էր Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցում: Գունեղ ու ձեռագործ ձվիկներով զարդարված Կենաց ծառի շուրջ համախմբվել էին դպրոցի աշակերտությունը, ուսուցիչներն ու հյուրերը: Սուրբ Զատիկ տոնակատարությունը ներկայացվեց ազգային բոլոր ծիսակարգերով` Կենաց ծառ, Ակլատիզ, Ուտիս տատ… Միջոցառում - մրցույթը գեղեցկացնում և հնչեղ էին դարձնում հոգևոր և ազգագրական երգերն ու պարերը: Խմբերը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին զատկական սիրված և ազգային խաղերում: Յուրաքանչյուր անկյունում մանկան անմեղ հրճվանք էր, ոգևորություն քանի որ կռվացնում էին ներկած հավկիթները հավաքելով իրենց <<Ավարը>>: