Նոյեմբերի 17-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ ՀՀ-ում առաջին անգամ կազմակերպվեց Ամերիկայի մաթեմատիկական ասոցիացիայի կողմից ամեն տարի իրականացվող մաթեմատիկական միջազգային մրցույթը, որին աջակցում էր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:
Ամերիկայի մաթեմատիկական ասոցիացիան (http://www.maa.org/) համարվում է մաթեմատիկական ուղղվածությամբ ամենամեծ մասնագիտական կազմակերպությունը, որին անդամակցում են աշխարհի տարբեր երկրների դպրոցներ, քոլեջներ և բարձրագույն ուսումնական հաստատություններ, և յուրաքանչյուր տարի շուրջ 6000 ուսումնական հաստատություններ մասնակցում են մրցույթին:
Մաթեմատիկական մրցույթի նպատակն է նպաստել մաթեմատիկական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանը, խթանել սովորողների հետաքրքրվածությունը մաթեմատիկայի նկատմամբ, զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը:
Մրցույթին մասնակցում էին 8-9-րդ դասարանի 30 աշակերտ Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցներից: Մրցույթի աշխատանքները կգնահատվեն Ամերիկայի մաթեմատիկական ասոցիացիայի կողմից, որի արդյունքում մասնակիցները կստանան հավաստագրեր և համապատասխան պարգևատրումներ՝ ըստ ցուցաբերած արդյունքների: