«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում: Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:
Ծրագիրը դպրոց-կենտրոններին ներկայացնելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ին տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով սեմինար, որը նախատեսված էր 9-10-րդ դասարանի դասղեկների համար: Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Սեմինարը վարում էր ծրագրի փորձագետ, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը, որին մասնակցում էին ՀՀ 110 դպրոց-կենտրոնների ներկայացուցիչներ: Փորձագետ Ս. Պետրոսյանը ներկայացրեց զինանշանի և դրոշի մասին ՀՀ օրենքները, քննարկվեցին ծրագրի շրջանակներում հետագա անելիքները: Վերապատրաստված դասղեկները կիրականացնեն դաս՝ «Հայոց պետական խորհրդանշաններ» թեմայով: Նախատեսվում է, որ ծրագրի ընթացքում աշակերտները կստեղծեն պաստառներ, որոնք կտեղադրվեն համացանցում և օնլայն քվեարկության արդյունքում կընտրվեն լավագույն աշխատանքները: Կիրականացվի լավագույն աշխատանքների ամփոփիչ ցուցահանդես, ներկայացված պաստառների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և պատվոգրերով: