Վաղարշապատի Մ. Գորկու անվան հմ. 5 ավագ դպրոցում մեծ շուքով նշվեց Հայոց բանակի օրը: Տոնը սկսվել էր դեռ մեկ շաբաթ առաջ: Դպրոցի սաները իրենց ձեռքերով նամակներ ուղղեցին դպրոցի շրջանավարտներին, որոնք այսօր արդեն հայոց բանակի զինվորներն են:
Աշակերտներին հայոց բանակի կազմավորման ճանապարհը ներկայացնելու նպատակով տեղի ունեցավ բաց դաս՝ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից մշակված Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառման ծրագրի հիման վրա: Տոնական միջոցառումների շարքը էլ ավելի գունավորվեց դասամիջոցների ընթացքում հնչած հայրենասիրական երգերով: Իսկ մեծ դասամիջոցին աշակերտներին իր շուրջն էր համախմբել Հասմիկ Անդրեասյանը, որը ներկայացնում էր արդեն բոլորին ծանոթ իր հեղինակած երգերը: