2015 թվականի ապրիլի 22-ին Չարենցավանի N5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց» թեմայով միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառումն սկսվեց «Մահվան քարավաններ» փոքրիկ տեսաֆիլմով, այնուհետև աշակերտները ներկայացրեցին բեմադրություն Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» պիեսից՝ Սողոմոն Թեհլերյան դատավարությունը ներկայացնող հատվածը, բեմադրությունը ընդմիջվում էր բանաստեղծություններով ազգագրական և հայրենասիրական երգերով, որոնք համահունչ էին օրվա խորհրդին: Աշակերտները իրենց ձեռքով պատրաստած անմոռուկներով 100 խորհրդանշային թիվը գրեցին բեմում, որից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող կոթողի մոտ դրեցին ծաղիկներ և վառվող մոմերով գրեցին 1915: Այդ թիվը մեր ժողովրդի ցավն է, իսկ վառվող մոմերը՝ ապրելու և պահանջելու խորհուրդը:
Միջոցառումն ավարտվեց Պ. Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությամբ, որն արտասանելով աշակերտները «Աշխարհի չորս կողմերից « եկան դեպի բեմի կենտրոնում գտնվող Ծիծեռնակաբերդի համալիրը և վառվող մոմերը: Այս միջոցառման իմաստն էր, որ հեռու չէ այն օրը, երբ աշխարհի 4 կոմերում գտնվող բոլոր հայերը հավաքվելու են իրենց բնօրրանում՝մայր Հայաստանում: